Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մոսկվան վաղուց և հետևողականորեն աշխատում է դառնալ ողջ հետխորհրդային գազային ցանցի սեփականատերը

Մոսկվան վաղուց և հետևողականորեն աշխատում է դառնալ ողջ հետխորհրդային գազային ցանցի սեփականատերը
20.02.2009 | 00:00

ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Մեր թերթի էջերում բավական վաղուց և հետևողականորեն լուսաբանման է արժանանում արդեն շատ կողմերով «դետեկտիվ պատմության» վերածված քաղաքականությունը` մեր տարածաշրջանով էներգակիրների տարբեր խողովակաշարերի կառուցման մասին, ինչպես նաև այն աշխարհաքաղաքական փոփոխությունների, որոնք հնարավոր են այդ գործընթացի արդյունքում։ Այս թեման ուշադրության կենտրոնում է մնում, չնայած գլխավոր նախագծի` «Նաբուկոյի» վերաբերյալ առկա հակասական գնահատականներին, այդ թվում` Հայաստանում։ Սակայն այսօր շատ կարևոր առիթ է ստեղծվել մեկ անգամ ևս այս թեմային անդրադառնալու, և այդ առիթը ընձեռել է «Ռոսիյսկայա գազետան»։
Այս պարբերականը, որը Ռուսաստանի կառավարության պաշտոնական փաստաթղթերի հրատարակման տպագիր օրգանն է, մի քանի օր շարունակ տպագրում է հետաքրքիր հոդվածներ` գազային խողովակաշարի կառուցմանն առնչվող հնարավոր սցենարների մասին։ Եթե դեռ ոչ շատ վաղուց ռուսական ԶԼՄ-ները, որպես ներդաշնակ երգչախումբ, շարունակ պնդում էին, թե «Նաբուկոն» կառուցվել չի կարող, որովհետև «չի կարող կառուցվել երբեք», և որ Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերի ցանկացած նախագիծ տնտեսական տեսակետից արդյունավետ չէ ու հեռանկար չունի, ապա այսօր հրապարակ իջած տեսակետներն այլ բան են ասում։
«Իրանական գազը «կշրջվի» ընդդեմ Ռուսաստանի», «Գազային ճնշում. համաշխարհային բանկը կարող է ֆինանսավորել «Նաբուկոն». այս և այլ հոդվածներում ներկայացված են բացարձակ հակառակ և Ռուսաստանին մտահոգող տեսակետներ։ Մասնավորապես, նշվում է. «Փետրվարի սկզբին Իրանի փոխարտգործնախարար և Ռուսաստանում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սաֆարին հանդես եկավ Թեհրանում սենսացիոն հայտարարությամբ։ Նրա պնդմամբ` Իրանը պատրաստ է դառնալու Եվրոպայի համար էներգակիրների այլընտրանքային մատակարար, ներառյալ «Նաբուկո» նախագծով իրականացվելիք մատակարարումները։ Իրանը պատրաստ է պայմանավորվելու և երաշխավորելու ինչպես մատակարարումների անհրաժեշտ ծավալները, այնպես էլ դրանց մատակարարման ուղիների հուսալիությունը։ Ընդ որում, Լիխտենշտայնի և Շվեյցարիայի հետ Իրանի` անցած տարի ստորագրած գազամատակարարումների երկարաժամկետ պայմանագրերը միակ դրսևորումը չեն։ Բանակցություններ են վարվում Ֆրանսիայի, Ավստրիայի և Լյուքսեմբուրգի հետ` այս պայմանագրերին տվյալ երկրների միանալու վերաբերյալ»։ Ռուսները չեն խուսափում հիշեցնելուց, որ տվյալ պարագայում խոսքը 1990-ին ստորագրված հայտնի համաձայնագիրը վերականգնելու մասին է, որը չիրագործվեց ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով, քանզի այն ժամանակ իրանական գազի տրանզիտը դեպի Ֆրանսիա նախատեսված էր իրականացնել խորհրդային տարածքով։ Այդ նախագծով նախատեսված էր նաև, որ գազամուղի ճյուղերից մեկն անցնելու է Հայաստանով։ Այսօր հրապարակի վրա է երկու նախագիծ կամ տարբերակ, որոնցից առաջինը նախատեսում է իրանական գազն անցկացնել Հարավային Կովկաս, այնտեղից ստորջրյա գազամուղով Արևելյան, իսկ այնուհետև Արևմտյան Եվրոպա։ Երկրորդ տարբերակը ենթադրում է Իրան-Թուրքիա-Բալկաններ-Ավստրիա խողովակաշարի կառուցում։
«Ռոսիյսկայա գազետան» նաև պարզաբանում է. «Եվրամիության ղեկավար շրջանակներում այսօր շատերն են հանդես գալիս Եվրոպայի համար այլընտրանքային էներգամատակարարման դաշտում Իրանն ընդգրկելու օգտին։ Իրանական գազը և նավթը նոր այլընտրանք են Եվրոպայի համար։ Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետների և Եվրամիության, ԱՄՆ-ի ու Թուրքիայի համապատասխան կառույցների մասնագետների գնահատմամբ` իրանական գազն էապես կմեծացնի «Նաբուկո» նախագծի կառուցման շանսերը»։ Ավելորդ չէ հիշատակել նաև, որ իրանական գազը 22 %-ով ավելի կալորիական է համարվում, քան ռուսականը, իսկ գինը 15-17 %-ով ավելի ցածր է, քանզի գազի արդյունահանման վրա Իրանն անհամեմատ ավելի քիչ է ծախսում, քան Ռուսաստանը, որի գազահանքերի շահագործումն աշխարհում ամենածախսատարն է։ «Ռոսիյսկայա գազետան» պատահաբար չի նշում, թե դեռ ԽՍՀՄ-ում հասկանում էին, որ իրանական գազի արտահանումը Եվրոպա, ԽՍՀՄ-ը շրջանցող ճանապարհով, անգործունակ կդարձնի մեծ միջոցների ներդրումով կառուցված ԽՍՀՄ-ից դեպի Եվրոպա տանող բազմաթիվ խողովակաշարեր, որովհետև այդ գազի կարիքը Եվրոպան այլևս չի ունենա։
Եվ թեկուզ աշխարհը փոխվել է, ԽՍՀՄ-ը փլուզվել, նրա տարածքում ձևավորվել են նորանկախ պետություններ, սակայն գազային հարցը շարունակում է գոյություն ունենալ նախկին համատեքստում։ Ավելին, դրան լրացուցիչ սրություն հաղորդեց հունվարին ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև ծավալված քսանօրյա գազային պատերազմը։ «Ռոսիյսկայա գազետան» այս կապակցությամբ մի «սենսացիոն գաղտնիք» էլ է բացահայտում. «Այսօր Արևմուտքն Իրանին առաջարկում է գազի արտահանման «ոչ ռուսական» տարբերակ։ Այսինքն` իրանական գազը սկզբում անցնում է Հայաստանով, այնուհետև Վրաստանով, իսկ ապա «Նաբուկոյի» համակարգի հյուսիսային ճյուղը կազմող «Սպիտակ հոսք» խողովակաշարով, Սև ծովի հատակով այն պետք է հասնի ՈՒկրաինա և Մոլդովա։ Այս խողովակաշարով է նախատեսվում արտահանել նաև միջինասիական գազը, ինչը չի բացառում իրանական գազի մատակարարումը միաժամանակ Թուրքիայի տարածքով»։ Մեկ այլ հոդվածում հաստատվում է այն տեղեկությունը, որ Համաշխարհային բանկը պատրաստ է ֆինանսավորելու «Նաբուկո» նախագիծը և այդ մասին հայտարարել է Թուրքիայում բանկի ներկայացուցիչ ՈՒլրիխ Զախաուն։ Հոդվածի հեղինակն անթաքույց զայրույթով նշում է. «Կարծես Համաշխարհային բանկը որոշել է դառնալ հենց այն պակասող օղակը, որը գումարներ ներդնելով պատրաստ է ֆինանսավորելու Ռուսաստանը շրջանցող այս նախագիծը։ Այն դեպքում, երբ այդ բանկի բաժնետերերից մեկն էլ Ռուսաստանն է, որի քվոտան կազմում է 2,78 %»։
Ըստ ամենայնի, եթե անգամ «Նաբուկոյի» հակառակորդներն են սկսել զանգերը խփել, մեծ է հավանականությունը, որ սառույցը, իսկապես, շարժվել է տեղից։ Եվ դա համապատասխանաբար հանգեցնելու է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև նոր, ավելի լուրջ մակարդակի հակադրության` մեր տարածաշրջանում ազդեցություն հաստատելու համար։ Եվ դժվար է ասել, թե ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները, եթե հաշվի առնենք, որ Կրեմլը և նրա «գլխավոր գազային ստորաբաժանում» «Գազպրոմը» կարծես բոլորովին էլ հանձնվելու մտադրություն չունեն։ Ամենից առաջ, ռուսական շատ վերլուծաբաններ ենթադրում են, որ ռուսական կողմի պատասխան քայլը կարող է դառնալ խորհրդա-իրանական պայմանավորվածությունների վերականգնումը` իրանական գազն Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի տարածքով կամ էլ նոր կառուցվող Մերձկասպյան գազամուղով (Թուրքմենստանով ու Ղազախստանով) արտահանելու մասին։ Ընդ որում, ռուսական կողմը հույսեր ունի, թե այդպիսով իրանական գազը նույնիսկ կարող է օգտագործել իր ներքին կարիքների համար, իսկ Եվրոպա մղել բուն ռուսական գազը նույն ծավալով։ «Այսինքն, հնարավորություն է ստեղծվում լրացուցիչ արտահանում իրականացնելու դեպի Եվրոպա և միաժամանակ Իրանին Ռուսաստանի մրցակցից վերածելու գործընկերոջ»,- նշում է «Ռոսիյսկայա գազետան»։
Հավատ ունենալը, իհարկե, լավ է, սակայն շատ դժվար է պատկերացնել, որ եվրոպացիները, «Գազպրոմի» ճանկերից դուրս պրծնելու իրենց մեծ ցանկությամբ հանդերձ, սեփական փողերը կներդնեն այսպիսի ավանտյուրիստական նախագծի մեջ` կրկնակի մեծացնելով իրենց կախվածությունը Մոսկվայից։ Ավելին, շատ դժվար է պատկերացնել, որ Իրանը, 2500-ամյա պետականության փորձով, կհրաժարվի այսպիսի հարցում իր անկախությունից, սեփական խաղը տարածաշրջանում վարելու հնարավորությունից։ Բացի այդ, ռուսական շատ ԶԼՄ-ներ այս օրերին գրում են, թե Եվրոպական խորհրդարանը մտադիր է հրավիրել Ռուսաստանին` մասնակցելու «Նաբուկո» նախագծի իրականացմանը, եթե Մոսկվան հրաժարվի Սև ծովի հատակով դեպի Թուրքիա կամ Բալկաններ երկրորդ խողովակաշարը կառուցելուց և միանա Ադրբեջանի տարածքով կառուցվելիք գազամուղի նախագծին։ Ավելին, ռուսական որոշ վերլուծաբաններ որոշակի մեծամտությամբ հայտարարում են, թե Մոսկվան կարիք չունի մասնակցելու մի նախագծի, որը, փաստորեն, «Հարավային հոսք» ռուսական նախագծի մրցակիցն է, և ավելի լավ է սեփական նոր խողովակ կառուցել դեպի Եվրոպա, քան այն կիսել մի քանի ուրիշ մատակարարների հետ։ Հայաստանի համար ամենաարդիական խնդիրն այս ողջ գործընթացում այն է, որ այլևս փոքր չէ «Նաբուկո» գազամուղի առնվազն մի ճյուղը Հայաստանի տարածքով անցկացնելու հավանականությունը։ Մինչդեռ Մոսկվան վաղուց և հետևողականորեն աշխատում է դառնալ ողջ հետխորհրդային գազային ցանցի սեփականատերը կամ, առնվազն, իր վերահսկողության տակ վերցնել այն։ Հայաստանում դա Կրեմլին առայսօր հաջողվել է, ի տարբերություն Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի։ Գազամուղը Հայաստանով անցնելու դեպքում Ռուսաստանը կարող է վերահսկել մատակարարումները և ունենալ նյութական ակնկալիք, և միայն այդ հանգամանքն է, որ կարող է չեզոքացնել Մոսկվայի հակազդեցությունն ու ապահովել նրա լոյալությունը` «Նաբուկոյի» իրականացման հետ կապված։ Սակայն այդ իրավիճակն իր մեջ պարունակում է նաև վտանգ, որ Կրեմլը կցանկանա փաստացի զրկել Հայաստանին անկախությունից, որպեսզի հետագայում առհասարակ նվազեցնի սեփական գազային տնտեսությունը երբևէ տնօրինելու նրա հնարավորությունները։ Այսինքն, ստեղծել մի իրավիճակ, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի որոշել ազգայնացնել այդ ոլորտը, և դրա համար ռուսները կաշխատեն Հայաստանում ունենալ բացարձակ մարիոնետային իշխանություն ու բացառել արևմտամետ ուժերի առկայությունն առհասարակ։ Առաջիկա զարգացումներում որևէ դիրքորոշում որդեգրելիս և որևէ տարածաշրջանային գազային նախագծում ընդգրկվելու կամ այն մերժելու դեպքում Հայաստանը պետք է աչքի առաջ ունենա հնարավոր հետևանքները։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ